ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ ՀՊՏՀ-ում  

     Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մեկնարկեց Հայաստանի երրորդ Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շարքը: Բուհում կազմակերպված տոնական միջոցառմանը հյուրընկալվեցին ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Միջոցառման պատվավոր հյուրերը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի, Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանի և բուհի պրոռեկտորների ուղեկցությամբ, նախ այցելեցին Ուսանողական խորհրդի ջանքերով բուհում ստեղծված, ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակին նվիրված լսարան, որտեղ գործող փոքրիկ թանգարանում ծանոթացան 13 հերոս տղաների կյանքին ու հանուն հայրենիքի գործած սխրանքին:

IMG_9749    Քառօրյա պատերազմի հերոսների անվան լսարանում Պաշտպանության փոխնախարարի ներկայությամբ ազդարարվեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի հերթական հայրենասիրական ծրագրի մեկնարկը՝ «Անկախության ասպետները»: Ծրագրի շրջանակներում հայկական դրոշի վրա իր ստորագրությունը դրեց քառօրյա պատերազմի մասնակից, Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, մեր բուհի Կառավարման ֆակուլտետի ուսանող Հարություն Բադալյանը, իսկ առաջիկայում հայոց եռագույնը շրջագայության կմեկնի ՀՀ ողջ տարածքով՝ այցելելու մերօրյա բոլոր հերոսներին:

IMG_9743

      Բարձրաստիճան հյուրերը ներկա գտնվեցին բուհի բակում կազմակերպված տոնական ֆլեշմոբին, որը մեկնարկեց մասնակից աղջիկների՝ զինվորական քայլերթով հրապարակ մտնելով և ավարտվեց ավանդական «Բերդ» պարով:

IMG_9824

IMG_9869

      Հյուրերը եղան նաև Տնտեսագիտական համալսարանի հրաձգարանում՝ փորձելով կրակելու իրենց հմտությունը, ապա տեղափոխվեցին ՀՊՏՀ մեծ հանդիսասրահ, որտեղ հավաքված մի քանի հարյուր ուսանողներն արդեն սպասում էին նրանց:

IMG_9934

     Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ով շնորհակալություն հայտնեց Պաշտպանության նախարարությանը հրավերն ընդունելու համար և ընդգծեց, որ Տնտեսագիտական համալսարանում մշտապես առանցքային նշանակություն է տրվում Ուսանողական խորհրդի հետ համատեղ ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացմանը:

IMG_9947

     Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ  ՀՊՏՀ Ուսանոական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը, ով հանդես եկավ հաշվետվությամբ՝ տեսահոլովակով ամփոփելով վերջին տարիների ընթացքում Ուսանողական խորհրդի կողմից իրականացված տարաբնույթ ռազմահայրենասիրական ծրագրերն ու միջոցառումները: «ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդն իր գործունեության ընթացքում մշտապես հետամուտ է լինում բուհ-բանակ կապի ամրապնդմանը և հասարակության շրջանում մարտական ոգու բարձրացմանը: Դրա ապացույցը ուսանողների բազմաթիվ այցելություններն են Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարբեր զորամասեր, ինչպես նաև բազմաբնույթ ռազմահայրենասիրական ծրագրերն ու միջոցառումները»,- իր ելույթում նշեց Հովհաննես Հարությունյանը:

IMG_9975

     Հաջորդիվ խոսքը փոխանցվեց ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանին, ով իր ելույթում բարձր գնահատեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի ծավալած գործունեությունը բանակի և հասարակության միջև կապերի ամրապնդման գործում՝ մասնավորապես շեշտելով. «Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի ռազմահայրենասիրական գործունեությունը ամբողջովին տեղավորվում է պաշտպանության նախարարի կողմից հայտարարված «Ազգ-բանակ» գաղափարախոսության մեջ: «Ազգ-բանակ»-ը պետք է ապրելու բանաձև դառնա յուրաքանչյուր հայի համար, քանի որ անկախությունը պաշտպանության, իսկ պետություն կոչվող հենասյունը իրեն լիարժեքորեն տեր կանգնող քաղաքացիների կարիք ունի»:

IMG_9990

         Արտակ Զաքարյանը պատասխանեց ուսանողների կողմից հնչեցված բոլոր հարցերին, ապա կայացավ նախապես հայտարարված «Անկախությունը իմ աչքերով» խորագիրը կրող ֆոտոմրցույթի պարգևատրման արարողությունը: Մրցանակը հաղթողին հանձնեց անձամբ Պաշտպանության փոխնախարարը:

    Միջոցառման ավարտին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ի նշան բարեկամության և համագործակցության, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանին հանձնեց հուշանվեր, որը խորհրդանշում է հավատք և գիտություն: