Կայացավ «Success» միջբուհական ուսանողական աշխատաժողովը

   Մարտի 25-ին և 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի կազմակերպած «SUCCESS» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը: Այն իրականացվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ: «Ձեր հաջողությունը մեր նպատակն է» կարգախոսը կրող աշխատաժողովին մասնակցում էին հայաստանյան 7 բուհերի շուրջ 100 ուսանողներ։ Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը։ «Բուհում ստացած հիմնարար գիտելիքներից զատ ուսանողների համար շատ կարևոր են նաև ոչ ֆորմալ գիտելիքները, որոնք նպաստում են կիրառական հմտությունների ձևավորմանը»,- նշում է Կորյուն Աթոյանը՝ բարձր գնահատելով Ուսանողական խորհրդի այսօրինակ նախաձեռնությունները։

17309253_1260041437421533_7468736243662519759_n

  ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը հարազատ կրթօջախի հարկի տակ ողջունեց աշխատաժողովի բոլոր մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ և նոր գիտելիքներով հարուստ աշխատանքային օրեր, և «SUCCESS» միջբուհական ուսանողական աշխատաժողովը հայտարարեց բացված։ «Մեր Ուսանողական խորհուրդն իր առջև մշտապես դնում է ուսանողների մասնագիտական որակների բարձրացման, նոր ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան գիտելիքների և փորձի փոխանակումը, որի լավագույն  օրինակը հենց ավանդաբար կազմակերպվող  նմանօրինակ միջբուհական ուսանողական աշխատաժողովներն են»,- իր ելույթում նշեց Սերգեյ Խառատյանը։

   Աշխատաժողովի 2 օրերի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բացահայտելու աշխատաշուկայի գաղտնիքները մարդկային ռեսուրսների կառավարման բարձրորակ մասնագետների օգնությամբ, այնուհետև ինտերակտիվ հարցազրույցների և խաղերի միջոցով գործնականում կիրառելու ձեռք բերած գիտելիքները:

17498961_1260122397413437_3957000240107614593_n

  HR մասնագետների կողմից անցկացված ինտերակտիվ հարցազրույցների արդյունքներով յուրաքանչյուր խմբից ընտրված մեկական մասնակցի, ովքեր լավագույնս դրսևորեցին իրենց խմբային սեմինարների ընթացքում, ընձեռվեց ֆինանսաբանկային ոլորտի տարբեր կազմակերպություններում պրակտիկա անցնելու հնարավորություն: Աշխատաժողովի մասնակիցները առաջին օրվա ավարտին ստացան մրցութային հանձնարարություն` պատրաստել «Video CV»: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին մարտի 26-ին և լավագույն 3 հոլովակների հեղինակները՝ Ռադիկ Խալաթյանը, Նաիրա Կիրակոսյանը և Անահիտ Մխիթարյանը, արժանացան անակնկալ մրցանակների՝ պլանշետների տեսքով:

17522229_1356872337733108_693187450_o

   Աշխատաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցությունը հաստատող հավաստագրեր, որոնք ուսանողներին հանձնեցին ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահ Գրիշա Ամիրխանյանը, նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և Ուսանողական խորհրդի Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Զեփյուռ Ալեքսանյանը:

17547354_1356872344399774_516169671_o   Այսքանով ավարտվեց «SUCCESS» միջբուհական ուսանողական աշխատաժողովը՝ գեղեցիկ ու անմոռանալի հուշ դառնալով: Մասնակիցներն իրենց հետ տուն տարան բազմաթիվ նոր գիտելիքներ ու դրական տպավորություններ: