ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը՝ կրկին ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

   Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 28-ին կայացավ հայաստանյան երիտասարդական ոլորտի՝ տարվա ամենասպասված իրադարձությունը՝ «ՀԱՅԿՅԱՆ 2017» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և հատուկ հյուրեր:

DSC_0002

   Տարվա ընթացքում երիտասարդական ոլորտում իրականացված բոլոր ծրագրերն ու կատարված հսկայածավալ աշխատանքն ամփոփող այս մրցանակաբաշխությունը ավանդաբար կազմակերպվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից: Մրցանակաբաշխության ընթացքում որպես կատարված աշխատանքի, իրականացված երիտասարդական և ուսանողական ինքնատիպ նախագծերի յուրատեսակ գնահատական՝ «Հայկյան» մրցանակի արժանացան երիտասարդական և ուսանողական մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև անհատներ:

IMG_5813

   «Հայկյան-2017» մրցանակաբաշխության արդյունքներով` Տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհուրդն արդեն 6-րդ անգամ հաղթող ճանաչվեց «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ» անվանակարգում:

DSC_0170

   «Բառերով պարզապես անհնար է նկարագրել, թե պարտավորվածության և պատասխանատվության ինչպիսի զգացում ես ապրում, երբ հարազատ ուսանողական կառույցն արդեն 6-րդ անգամ ճանաչվում է լավագույնը։ Սա իրոք մեծ հաղթանակ ու խրախուսանք է՝ այսուհետ էլ ավելի լավ ու արդյունավետ գործելու, նոր մարտահրավերներ հաղթահարելու և ամեն բան այնպես կազմակերպելու համար, որ հաջորդ տարի ևս այդքան սպասված «Հայկյան» մրցանակն ուղևորվի դեպի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»,- իր խոսքում նշեց Ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը։