ՀՊՏՀ Ուսանողական խորհուրդը կրկին Արցախում է

       Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ «ՈՒսանողներն առաջնագծում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-26-ը բուհի շուրջ 50 ուսանողներ իրականացրին այցելություն դեպի Արցախի Հանրապետություն: Ծրագիրն իրականացվում էր Ուսանողության միջազգային և երիտասարդության համաշխարհային օրերին ընդառաջ՝ տոնական միջոցառումների մեկնարկը երիտասարդական ամենամեծ կազմակերպությունում՝ բանակում ազդարարելու նպատակով: ՀՊՏՀ ուսանողներին միացել էին նաև ներկայացուցիչներ ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջից:

jyu

   Նույն օրը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կայացավ հանդիպում ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Ողջունելով ուսանողներին` ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանդիպումը տեղի է ունենում պատմական նշանակություն ունեցող դահլիճում, որտեղ ստորագրվել և կնքվել են կարևոր նշանակության մի շարք փաստաթղթեր, որոնց թվում նաև ԱՀ անկախության հռչակագիրը:

gsh

   «Լինելով ՀՊՏՀ նախկին ուսանող` բարձր եմ գնահատում նմանօրինակ նախաձեռնությունները երիտասարդների կողմից, քանի որ մեր բանակի ու զինվորի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր աջակցությունը»,- իր խոսքում նշեց Արայիկ Հարությունյանը: Պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի Հանրապետության համար առաջնային նշանակություն ունեցող ռազմավարական բազմաթիվ խնդիրներ՝ այդ թվում տնտեսության, պաշտպանության, կրթության ու մշակույթի մի շարք առօրեական մարտահրավերներ:

jyd

   Քանի որ ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի գործունեության առանցքային ուղղություններից է բուհ-բանակ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը, ուսխորհրդականների հաջորդ կանգառը եղավ Ասկերանի զորամասը, որտեղ էլ հենց գիշերեցին: Այցելության երկրորդ օրը մեկնարկեց զինվորական «վեր կաց»-ով, շարային քայլով, երգով, զինվորների հետ միասին զինվորական ճաշարանում նախաճաշով և իհարկե բարձր տրամադրությամբ, ապա ճանապարհը շարունակվեց դեպի Մարտակերտի շրջանի Մադաղիս գյուղում տեղակայված զորամաս, որտեղ ևս զինվորների կողմից ուսանողներն  արժանացան ջերմ ընդունելության:

iuo

      Զինվորները, ինչպես մյուս բոլոր այցելությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ Ուսանողական խորհրդի կողմից ստացան անակնկալ նվերներ` անձնական հիգիենայի պարագաներով և քաղցրավենիքով  լի նվեր-փաթեթների տեսքով: Ուսանողների նախաձեռնությամբ զորամասում կազմակերպվեց նաև տոնական երաժշտական միջոցառում, որն իր ուրախ երգ ու պարով համախմբեց բոլոր երիտասարդներին:

dfjh

     Հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան ուսանողները վերադարձան Երևան` ողջ կյանքի համար անմոռանալի հիշողություններով ու միմիայն դրական տպավորություններով….